Ստորև սահմանված Հատուկ դրույթներ և պայմանները (այսուհետ՝ «Դրույթներ») կիրառվում են «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Յուքոմ») «uMediaRoom» հավելված, ինչպես նաև դրա թարմացումներ (այսուհետ՝ «Հավելված») մուտք գործելու, ներբեռնելու և/կամ օգտագործելու նկատմամբ: Յուքոմը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Դրույթները: Մուտք գործելով Հավելված, այն ներբեռնելով և/կամ օգտագործելով՝ Դուք համաձայնում եք, որ ծանոթացել, հասկացել և ընդունել եք սույն Դրույթները կամ այդ պահին գործող պայմանները:
1.1 Սույն Դրույթներում հետևյալ բառերն ու հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1.1.1.«Հավելվածների խանութներ»՝ Յուքոմի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող թվային մեդիա կոնտենտի և/կամ հավելվածների առցանց խանութներ, որոնց ներկայումս հանդիսանում են Apple Inc. ընկերության iTunes Store և Google ՍՊ ընկերության Google Play առցանց խանութները:
1.1.2.«Catch-Up հնարավորություն»՝ Հավելվածում կամ դրա միջոցով հասանելի գործառույթ, որը հնարավորություն է ընձեռում որոշակի Հեռուստակոնտենտ կամ դրա առանձին բաղադրիչներ հետ կամ առաջ տալ, դադարեցնել (ժամանակի մեջ տեղաշարժել)՝ այդպիսի Հեռուստակոնտենտի հեռարձակման պահից որոշակի ժամանակահատվածում՝ ըստ համապատասխան Սակագնային պլանի/փաթեթի պայմանների:
1.1.3.«Catch-Up հեռուստահաղորդումներ»՝ Հեռուստակոնտենտ, որը կարող է հասանելի դառնալ Catch-Up հնարավորության միջոցով:
1.1.4.«Ընդհանուր դրույթներ և պայմաններ»՝ սույն Դրույթներին գերակայող «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ», որոնք հասանելի են ucom.am կայքում:
1.1.5.«Մտավոր սեփականության իրավունքներ»՝ արտոնագրեր, ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ, ֆիրմային անվանումներ, դոմենային անվանումներ, դիզայնի նկատմամբ իրավունքներ, կիսահաղորդչային սարքերի տոպոգրաֆիայի նկատմամբ իրավունքներ, տվյալների բազաներից տվյալների անօրինական դուրսբերումը և վերամշակումը կանխելուն ուղղված իրավունքներ, հեղինակային իրավունքներ (ներառյալ համակարգչային ծրագրերի նկատմամբ իրավունքներ), արտադրության գաղտնիքների (նոու-հաու) նկատմամբ իրավունքներ, մտավոր կամ արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ այլ իրավունքներ (գրանցված կամ չգրանցված, այդ թվում՝ թվարկված որևէ իրավունքի գրանցման հայտերը), ինչպես նաև թվարկված պաշտպանության միջոցներին և իրավունքներին համարժեք կամ նմանատիպ ազդեցություն ունեցող ցանկացած այլ իրավունքներ կամ պաշտպանության ձևեր, որոնք կարող են գոյություն ունենալ աշխարհի որևէ տարածքում:
1.1.6.«Վնաս»՝ պայմանագրից, իրավախախտումներից (այդ թվում՝ օրենսդրական նորմերի խախտման կամ անզգուշության արդյունքում) կամ այլ կերպ ծագող ուղղակի, անուղղակի կամ հետևանքային ցանկացած կորուստներ, պարտավորություններ, վնասներ (ներառյալ կիբերհարձակումների արդյունքում առաջացած վնասներ), պահանջներ, ծախսեր (ներառյալ դատական ծախսերը), հատուցումները, բողոքները, գործողությունները կամ գործընթացները:
1.1.7.«Հավելված»՝ շարժական սարքերի համար Յուքոմի կողմից առաջարկվող, շահագործվող և սպասարկվող «uMediaRoom» հավելվածը, որը նախատեսված է Հավելվածների խանութից ներբեռնման համար, և որի միջոցով կարելի է մուտք գործել ու օգտագործել Յուքոմի կողմից ժամանակ առ ժամանակ առաջարկվող և հասանելի դարձվող, ի թիվս այլոց, որոշակի գործառույթներ, հնարավորություններ և Հեռուստակոնտենտ:
1.1.8.«Հավելվածի կոնտենտ»՝ Հավելվածում պարունակվող կամ դրա միջոցով ցուցադրվող բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը, հղումները, նշանները և/կամ տարբերանշանները (լոգո), ինչպես նաև բոլոր համակարգչային ծրագրերն ու կոնտենտը, որոնք կարելի է ներբեռնել և/կամ մուտք գործել, կամ որոնք հասանելի են Հավելվածի միջոցով, ներառյալ՝
(ա) Հավելվածում կամ դրա միջոցով առաջարկվող և հասանելի դարձվող բոլոր հնարավորությունները, գործառույթները և/կամ Հեռուստակոնտենտը,
(բ) բոլոր գովազդները, խթանիչ ակցիաները և առաջարկները (Յուքոմի կամ որևէ երրորդ անձի),
(գ) երրորդ անձանց և/կամ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից տրամադրվող ապրանքներին և/կամ ծառայություններին առնչվող բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը, հղումները, նշանները և տարբերանշանները,
(դ) Հավելվածում զետեղված՝ Երրորդ անձանց հարթակներին կատարվող բոլոր հղումները, և/կամ
(ե) Երրորդ անձանց կոնտենտը:
1.1.9.«Դրույթներ»՝ սույն Հատուկ դրույթներ և պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել:
1.1.10.«Երրորդ անձանց կոնտենտ»՝ Երրորդ անձանց հարթակներում զետեղված բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը և/կամ հղումները (երրորդ անձանց առնչվող և/կամ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից տրամադրվող ապրանքներին և/կամ ծառայություններին առնչվող կամ այլ):
1.1.11.«Երրորդ անձանց հարթակներ»՝ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից շահագործվող կամ տրամադրվող ինտերնետային կայքեր, բջջային հավելվածներ և/կամ այլ հարթակներ:
1.1.12«Հեռուստակոնտենտ»՝ ցանկացած և բոլոր նյութերը, հեռուստաալիքները, հեռուստահաղորդումները (ներառյալ դրանցում պարունակվող ցանկացած գովազդ) և/կամ ցանկացած և ամբողջ կոնտենտը (տեսողական, ձայնային, տեսաձայնային կամ այլ), որոնք ներառված են այդպիսի նյութերում, հեռուստաալիքներում և հեռուստահաղորդումներում կամ հասանելի են դրանց միջոցով:
1.1.13«VօD» կամ «Տեսավարձույթ»՝ լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով Յուքոմը թույլ է տալիս իր կողմից վճարովի կամ անվճար հիմունքով դիտել որոշակի Հեռուստակոնտենտ փակ միջավայրում:
Սույն Դրույթներում օգտագործված բառերն ու հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն Դրույթներում, ունեն Ընդհանուր դրույթներ և պայմաններով սահմանված նույն նշանակությունը, եթե համատեքստն այլ բան չի պահանջում:
2.1. Սույն Դրույթներից բացի, Ձեզ վրա տարածվում են, և Դուք պարտավորվում եք լիովին հետևել ու համապատասխանել Ընդհանուր դրույթներին և պայմաններին, ինչպես նաև Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու հետ կապված այլ դրույթներին և պայմաններին, որոնք կարող են ընդունվել կամ համաձայնվել Ձեր կողմից:
2.2. Սույն Դրույթները չեն հակասում և որևէ կերպ չեն սահմանափակում Յուքոմին վերապահված իրավունքներն ու պաշտպանության միջոցները, ինչպես նաև Ընդհանուր դրույթներով և պայմաններով և/կամ այլ դրույթներով ու պայմաններով սահմանված Ձեր պարտականություններն ու պատասխանատվությունը:
2.3. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը ներբեռնելու, Հավելված մուտք գործելու և այն օգտագործելու համար Դուք պարտավորվում եք ցանկացած պահի համապատասխանել սույն Դրույթներին և հայտարարում ու երաշխավորում եք, որ Դուք.
2.3.1. Հավելվածը ներբեռնում եք Հավելվածների խանութից,
2.3.2. Հավելվածը ներբեռնում եք, Հավելված մուտք եք գործում և այն օգտագործում բջջային հեռախոսով կամ շարժական սարքով, որը համապատասխանում կամ գերազանցում է Յուքոմի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող՝ այդպիսի հեռախոսների կամ սարքերի օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջները և առանձնահատկությունները,
2.3.3. կատարել եք որոշակի միացումներ (ներառյալ ինտերնետ կապի միացումներ՝ անլար, շարժական տվյալների փոխանցման (mobile data) կամ ցանկացած այլ եղանակով), և
2.3.4. պարտավորվում եք որևէ պահին որևէ պարտք չունենալ Յուքոմի հանդեպ Հավելվածի համար:
2.4. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածին Ձեր հասանելիությունը և/կամ դրա օգտագործումը, ինչպես նաև Հեռուստակոնտենտը (կամ դրա ծավալը), Հավելվածի որոշակի գործառույթներ, հնարավորություններ կամ Հավելվածի ինտերֆեյսը կարող են տարբերվել՝ կախված Ձեր ընտրած Սակագնային պլանով/փաթեթով սահմանված պայմաններից:
2.5. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը ներբեռնելու և/կամ Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու, Հավելվածում կամ Հավելվածի միջոցով առաջարկվող և հասանելի դարձվող ցանկացած հնարավորությունից, գործառույթից (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Catch-Up հնարավորությունը, VoD ծառայությունը) և/կամ Հեռուստակոնտենտից և/կամ Հավելվածի ցանկացած այլ կոնտենտից օգտվելու առնչությամբ Ձեր կողմից շարժական կապի կամ տվյալների փոխանցման ծառայությունների օգտագործման համար համապատասխան շարժական կապի օպերատորների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից կարող են սահմանվել լրացուցիչ վճարային պարտավորություններ, որոնց կատարման համար պատասխանատվություն եք կրում բացառապես Դուք:
2.6. Առանց սահմանափակելու սույն Դրույթներում սահմանված այլ պայմանները՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Catch-up հնարավորությունը կարող է միայն հասանելի լինել և օգտագործվել Յուքոմի կողմից սահմանված որոշակի ժամանակահատվածում, որից հետո Catch-up հեռուստահաղորդումներն այլևս հասանելի չեն լինի:
2.7. Ձեր կողմից Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և/կամ օգտագործելու նկատմամբ մշտապես կիրառվում են համապատասխան կոնտենտ տրամադրողների կողմից Յուքոմին վերապահվող իրավունքները:
2.8. Սույն Դրույթների և Ընդհանուր դրույթների և պայմանների միջև հակասությունների դեպքում գերակայում են սույն Դրույթները:
3.1. Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար Ձեզանից կպահանջվի Յուքոմին տրամադրել այնպիսի տեղեկատվություն և տվյալներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ սահմանվել Յուքոմի կողմից, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Յուքոմի ցանցում Ձեր նույնականացման կոդը և Ձեր էլ. փոստի հասցեն:
3.2. Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար Ձեզանից կարող է պահանջվել վճարումներ կատարել՝ համաձայն Ընդհանուր դրույթների և պայմանների և Ձեր ընտրած Սակագնային պլանով/փաթեթով սահմանված պայմանների:
3.3. Դուք համաձայնում և ընդունում եք, որ Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու նպատակով վճարում կատարելու համար Ձեզանից կարող է պահանջվել Յուքոմին տրամադրել վճարման վերաբերյալ տվյալներ (ներառյալ դեբետային/կրեդիտային քարտերի վավերապայմանները): Այս կապակցությամբ Դուք համաձայնում եք, որ Ձեր կողմից տրամադրվող՝ վճարման վերաբերյալ տվյալները հավաստի են, վավեր և ճշգրիտ: Դուք պարտավորվում եք ձեռնպահ մնալ այնպիսի դեբետային/կրեդիտային քարտի օգտագործումից, որն օրինական հիմքով Ձեզ չի պատկանում, կամ որի՝ Ձեր կողմից օգտագործումը թույլատրված չէ օրինական սեփականատիրոջ կողմից: Դուք եք պատասխանատու Ձեր՝ վճարման վերաբերյալ տվյալների անվտանգության պահպանման համար, և Յուքոմը պատասխանատվություն չի կրում Ձեր՝ վճարման վերաբերյալ պայմաններին չթույլատրված հասանելիության և դրանց օգտագործման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Յուքոմը ողջամիտ քայլեր չի ձեռնարկել Ձեր՝ վճարման վերաբերյալ տվյալներին չթույլատրված հասանելիությունը և/կամ չթույլատրված օգտագործումը կանխելու համար: Յուքոմն իրավունք է վերապահում Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու համար հետագա վճարումները մշակել՝ օգտագործելով Ձեր կողմից տրամադրված վճարման վերաբերյալ տվյալները:
3.4. Դուք կարող եք մուտք գործել Հավելված և օգտագործել այն Ձեր տվյալների միջոցով՝ առանձին բջջային հեռախոս(ներ)ի կամ շարժական սարք(եր)ի վրա (ցանկացած պարագայում Յուքոմի համաձայնությամբ)՝ կախված Ձեր ընտրած Սակագնային պլանից/փաթեթից:
3.5. Դուք պարտավորվում եք ժամանակին վճարել Հավելվածի համար՝ Ընդհանուր դրույթներին և պայմաններին, ինչպես նաև Ձեր ընտրած Սակագնային պլանին/փաթեթին համապատասխան:
3.6. Դուք պարտավորվում եք հետևյալ դեպքերի մասին տեղեկանալիս անհապաղ տեղեկացնել Յուքոմին.
3.6.1. Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար պահանջվող Ձեր որևէ տվյալի ոչ պատշաճ կամ չթույլատրված բացահայտման և/կամ օգտագործման դեպքում, և/կամ
3.6.2. Հավելված (կամ դրա որևէ մաս) ոչ պատշաճ կամ չթույլատրված մուտքի և/կամ դրա օգտագործման դեպքում (անկախ այն հանգամանքից՝ դա իրականացվել է Ձեր որևէ տվյալի օգտագործմամբ, թե ոչ),
և յուրաքանչյուր դեպքում Դուք պարտավորվում եք անհապաղ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են որոշվել Յուքոմի կողմից՝ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ։
3.7. Չսահմանափակելով Ձեր կողմից ստանձնած այլ պարտականությունները (սահմանված սույն Դրույթներով, Ընդհանուր դրույթներով և պայմաններով, օրենքով կամ այլ կերպ)՝ Դուք հայտարարում, երաշխավորում և պարտավորվում եք՝
3.7.1.մուտք գործել Հավելված, ներբեռնել և/կամ օգտագործել այն բացառապես սեփական, մասնավոր և ոչ կոմերցիոն նպատակներով, Յուքոմի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող սահմանափակումներին համապատասխան, և մասնավորապես, մուտք չգործել Հավելված (կամ դրա որևէ մաս) կամ այն չօգտագործել, ինչպես նաև չաջակցել, չնպաստել, թույլ չտալ կամ չլիազորել որևէ այլ անձի մուտք գործել Հավելված (կամ դրա որևէ մաս) կամ այն օգտագործել՝
(ա) առևտրային, անօրինական կամ ապօրինի որևէ գործողության համար կամ այդպիսի նպատակով (ներառյալ կոմերցիոն տարածումը), կամ
(բ) ցանկացած եղանակով, որը կարող է հանգեցնել Ձեր կամ Յուքոմի կողմից՝ կիրառելի օրենսդրության և/կամ որևէ իրավասու մարմնի որևէ ակտի, կարգադրության կամ պահանջի խախտման, և/կամ որը կարող է ազդեցություն ունենալ Յուքոմի սարքավորումների, ցանցի, սերվերների, համակարգերի և/կամ այլ ծառայությունների, կամ որևէ այլ անձանց կողմից Հավելվածին կամ Յուքոմի կողմից մատուցվող որևէ այլ ծառայությանը հասանելիություն ունենալու և/կամ դրան(ց)ից օգտվելու վրա:
3.7.2. Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու և/կամ սույն Դրույթների հետ կապված Յուքոմին տրամադրել հավաստի, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն և անհապաղ տեղեկացնել Յուքոմին այդպիսի տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին (Յուքոմի կողմից ժամանակ առ ժամանակ պահանջվող համապատասխան ձևով և համապատասխան հիմնավորող փաստաթղթերով),
3.7.3. Հավելված մուտք գործելիս և/կամ այն օգտագործելիս ցանկացած պահի համապատասխանել սույն Դրույթներին, Ընդհանուր դրույթներին և պայմաններին, կիրառելի օրենսդրությանը և համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ակտին, կարգադրությանն ու պահանջներին, և
3.7.4. Յուքոմի պահանջով աջակցել և համագործակցել վերջինիս հետ՝ սույն Դրույթների համաձայն Յուքոմի կողմից իրականացվող ցանկացած ուսումնասիրության, հետազոտության և/կամ գործողության հետ կապված:
4.1. Յուքոմն իրավունք ունի ուղարկել և սույնով Դուք համաձայնում եք, որ Յուքոմը կարող է ուղարկել, և Դուք կարող եք ստանալ Հավելվածին (կամ դրա որևէ մասին) վերաբերող ծանուցումներ (ներառյալ կարճ հաղորդագրություններ (SMS), էլեկտրոնային նամակներ):
4.2. Անկախ սույն Դրույթներով նախատեսված որևէ պայմանից՝ Յուքոմը ցանկացած պարագայում իրավունք ունի և սույնով պահպանում է իր բոլոր իրավունքները՝ ցանկացած պահի արգելափակելու ցանկացած բջջային հավելվածի կամ կայքի կաղապար (frame) կամ հղում, հեռացնելու կամ չհրապարակելու ցանկացած Հեռուստակոնտենտ, որը պարունակում է անընդունելի, վարկաբեկիչ, զրպարտչական, իրավախախտ, անպատշաճ, անպարկեշտ կամ անօրինական նյութ կամ տեղեկատվութուն, կամ այնպիսի նյութ կամ տեղեկատվություն, որը խախտում է կիրառելի որևէ օրենսդրական նորմ և/կամ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ակտ, կարգադրություն կամ պահանջ, կամ որևէ անձի այլ իրավունքներ (ներառյալ Մտավոր սեփականության իրավունքները):
4.3. Յուքոմն իրավունք ունի ցանկացած ժամանակ ուսումնասիրել բողոքներ կամ սույն Դրույթների՝ հայտնի դարձած խախտումներ, կամ սույն Դրույթներով նախատեսված ցանկացած հարց, և ձեռնարկել իր կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած գործողություն, այդ թվում՝ տեղեկացնել իրավասու և/կամ իրավապահ մարմիններին կասկածելի ապօրինի ցանկացած գործողության մասին և վերջիններիս տրամադրել անհրաժեշտ կամ պատշաճ ցանկացած տեղեկատվություն:
4.4. Անկախ սույն Դրույթներով նախատեսված որևէ պայմանից՝ Յուքոմը կարող է, իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ, ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման և հիմնավորման, փոփոխել Հավելվածը (կամ դրա որևէ մասը) և/կամ Հավելվածի կոնտենտը, ներառյալ, սակայն չսահամանափակվելով, ընդլայնել, կրճատել կամ փոխարինել Հեռուստակոնտենտը, ներմուծել նոր հավելվածներ, փոփոխել օգտագործողի ինտերֆեյսը։ Նման փոփոխություններն անմիջապես դառնում են Հավելվածի մաս և Հավելված շարունակաբար մուտք գործելը և այն օգտագործելը համարվում է Ձեր կողմից վերոնշյալ փոփոխությունների անվերապահ ընդունում։
4.5. Սույն Դրույթներով և/կամ Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված Ձեր պարտականությունների ցանկացած խախտման դեպքում՝ ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով, Յուքոմն իրավունք ունի, առանց Ձեզ նախապես ծանուցելու, կասեցնել կամ դադարեցնել Ձեր Բաժանորդային պայմանագիրը և/կամ (մասամբ կամ ամբոջությամբ) Հավելվածին Ձեր հասանելիությունը, Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու Ձեր հնարավորությունը (Յուքոմի բացառիկ և բացարձակ հայեցողությամբ անհրաժեշտ համարվող ժամանակահատվածով)։
5.1. Հավելվածը ներբեռնելու, Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու հնարավորությունը հասանելի է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Յուքոմը չի հայտարարում և չի երաշխավորում, որ Հավելվածը (կամ դրա որևէ մասը) օրինական, հասանելի կամ պատշաճ է օգտագործման համար այլ վայրերում կամ այլ երկրների իրավասության ներքո գտնվող տարածքներում: Յուքոմը պատասխանատվություն չի կրում, և Յուքոմի կողմից սույն Դրույթների կամ Ընդհանուր դրույթների և պայմանների խախտում չի համարվում, եթե Դուք մուտք եք գործում Հավելված, ներբեռնում և/կամ օգտագործում եք այն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Այս դեպքում պատասխանատվություն կրում եք բացառապես Դուք:
5.2. Յուքոմը պատասխանատվություն չի կրում և Յուքոմի կողմից սույն Դրույթների կամ Ընդհանուր դրույթների և պայմանների խախտում չի համարվում, եթե Հավելվածին (կամ դրա որևէ մասին) հասանելիությունը տրամադրվում է ուշացմամբ կամ Դուք չեք կարողանում մուտք գործել Հավելված (կամ դրա որևէ մաս) և/կամ օգտագործել այն։
5.3. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը և Հավելվածի ամբողջ կոնտենտը Ձեզ տրամադրվում են «ինչպես կա, ինչպես հասանելի է» (as is, as available) սկզբունքով։ Առանց սահմանափակելու սույն Դրույթների որևէ այլ պայման՝ սույն Դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ Հավելվածը կամ որևէ Հավելվածի կոնտենտ հանդիսանա կամ դիտվի որպես Յուքոմի կողմից՝ սույն Դրույթներում նշված որևէ ապրանք կամ ծառայություն այնպիսի անձի տրամադրելու առաջարկ կամ գովազդ, ում օրենքով արգելված է անել այդպիսի առաջարկ կամ միջնորդություն, կամ եթե կիրառելի օրենսդրությամբ արգելվում է գնել, բաժանորդագրվել կամ այլ կերպ օգտագործել այդպիսի ապրանքներ կամ ծառայություններ։
5.4. Հավելվածին և Հավելվածի կոնտենտին Ձեր հասանելիության և/կամ այն օգտագործելու հետ կապված ռիսկերը կրում եք բացառապես Դուք։ Դուք եք պատասխանատու Հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը և/կամ օգտակարությունը գնահատելու համար։
5.5. Առանց սահմանափակելու սույն Դրույթներով ու Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված կետերը՝ Յուքոմը չի տրամադրում որևէ հայտարարություն, երաշխիք, երաշխավորություն, հաստատում կամ չի ստանձնում որևէ տեսակի պարտավորության՝ կապված՝
5.5.1. Երրորդ անձանց (ներառյալ ցանկացած կոնտենտ տրամադրող) կողմից կամ անունից ցանկացած խափանման, հրաժարման, ուշացման, սխալի կամ ցանկացած այլ գործողության կամ անգործության, ինչպես նաև Հավելվածում կամ որևէ Երրորդ անձի հարթակում կամ դրանց միջոցով որևէ գործողության հետ (անկախ այն հանգամանքից, թե այդպիսի գործողությունը ճշգրիտ, պատշաճ, ամբողջական, հավաստի կամ հուսալի է, թե ոչ),
5.5.2. Հավելվածի (կամ դրա որևէ մասի) ճշգրտության, գաղտնիության, հուսալիության, անվտանգության, ժամանակային ճշգրտության, խախտումների բացակայության, պատկանելիության, վաճառունակության, նպատակին համապատասխան լինելու, մուտքի հնարավորության, ֆունկցիոնալության կամ հասանելիության վերաբերյալ,
5.5.3. Հավելվածի (կամ դրա որևէ մասի)՝ ցանկացած այլ համակարգի, ենթակառուցվածքի, ինտերֆեյսի, ապրանքի, ծառայության, ցանցի և այլ բաղադրիչների հետ համատեղելիության հետ,
5.5.4. Հավելվածի (կամ դրա որևէ մասի) անընդհատության, ժամանակային ճշգրտության, թերություններից, ուշացումերից, սխալներից, խափանումներից, վրիպակներից կամ անճշտություններից զերծ լինելու հետ:
5.6. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածին (կամ դրա որևէ մասին) Ձեր հասանելիությունը և դրա օգտագործումը, ինչպես նաև նման հասանելիության և օգտագործման որակը, ի լրումն սույն Դրույթներով նախատեսված պայմանների, կախված են հետևյալ ընդհանուր պայմանների կատարումն ապահովելուց.
5.6.1. այն բջջային հեռախոսի կամ շարժական սարքի մոդելը և տեխնիկական առանձնահատկությունները, որի միջոցով մուտք եք գործում և/կամ օգտագործում եք Հավելվածը (կամ դրա համապատասխան մասը),
5.6.2. համապատասխան ցանցի, ենթակառուցվածքի և/կամ հարթակի առկայությունը, դրան միացումը և որակը Հավելված (կամ դրա համապատասխան մաս) մուտք գործելու և այն օգտագործելու պահին, և
5.6.3. շարժական կապի ցանցերի և ծառայության մատուցման համակարգերի աշխարհագրական և տեխնիկական հնարավորությունները (ներառյալ ինտերնետային միացումը), ինչպես նաև դրանց որակը (ներառյալ թողունակության ծավալը)՝ Հավելված (կամ դրա համապատասխան մաս) մուտք գործելու և այն օգտագործելու ընթացքում և տարածքում:
5.7. Դուք ընդունում և համաձայնում եք, որ Յուքոմը կնքել է և/կամ կարող է կնքել պայմանագրեր, ձեռք է բերել և/կամ կարող է ձեռք բերել պայմանավորվածություններ Հավելվածների խանութների («Հավելվածների խանութի պրովայդերներ») և դրանց օպերատորների հետ, ինչպես նաև ստանձնել է և/կամ կարող է ստանձնել որոշակի պարտավորություններ վերջիններիս նկատմամբ՝ կապված Հավելվածի՝ որպես բջջային հավելվածի, տարածման հետ։ Յուքոմը չի ընդունում, չի ստանձնում և չի կրում որևէ պարտականություն կամ պատասխանատվություն՝ Հավելվածների խանութի պրովայդերի կողմից որևէ գործողության կամ անգործության հետ կապված կամ դրա հետևանքով ծագած Վնասի համար։
6.1. Հավելվածի և ամբողջ Հավելվածի կոնտենտի նկատմամբ կամ դրանց առնչվող Մտավոր սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, տեղեկատվությունը, հաղորդակցությունը, համակարգչային ծրագրերը, տեքստերը, գրաֆիկան, հղումները և հնչյունները, պատկանում են Յուքոմին, կոնտենտ տրամադրողներին և/կամ երրորդ անձ հանդիսացող լիցենզատուներին։ Սույն Դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես այդպիսի Մտավոր սեփականության իրավունքների կամ դրանց որևէ մասի օգտագործման լիցենզիայի կամ իրավունքի տրամադրում Ձեզ, և Ձեզ ոչ մի դեպքում չի վերապահվում նման լիցենզիա կամ իրավունք:
6.2. Դուք պարտավորվում եք որևէ կերպ կամ որևէ եղանակով չկեղծել, չվերարտադրել, չփոփոխել, չպահել, չպատճենել, չօգտագործել, չփոխանցել, չտարածել, չվերահրապարակել, չներբեռնել, չտեղադրել, չուղարկել, չթարգմանել, գրավ չդնել, ենթալիցենզիայով չփոխանցել, վարձույթով չտրամադրել, վարձակալության չհանձնել, չդեկոմպիլյացնել, մասերի չբաժանել Հավելվածի որևէ կոնտենտ, չիրականացնել դրա վերծանում կամ որևէ այլ կերպ չփորձել դուրս բերել համակարգչային համակարգերի կամ այլ տեխնոլոգիաների ելակետային կոդը, որոնք օգտագործում կամ տեխնիկապես ապահովում են Հավելվածի ցանկացած կոնտենտ, կամ չստեղծել Հավելվածի կոնտենտի (ներառյալ օգտագործողի ինտերֆեյսերի) հիման վրա որևէ ածանցյալ գործեր և պարտավորվում եք որևէ կերպ չաջակցել, չնպաստել, թույլ չտալ կամ չլիազորել որևէ անձի կատարելու վերոնշյալ գործողություններից որևէ մեկը: Սույն Դրույթների իմաստով՝ «վերծանում» հասկացությունը ներառում է Հավելվածի որևէ կոնտենտի ուսումնասիրությունը կամ վերլուծությունը՝ դրա ելակետային կոդը, կառուցվածքը, կազմությունը, ներքին դիզայնը, ալգորիթմները կամ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայի կոդավորման սարքերը պարզելու համար: